ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկն այցով գտնվում է Բաքվում: Ամերիկացի համանախագահը կայցելի նաև Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Ուորլիկը կայցելի տարածաշրջան ղարաբաղյան կարգավորման իր միջնորդական առաքելության շրջանակներում:
Դա կլինի Ուորլիկի առաջին այցը տարածաշրջան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների համանախագահների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է մշտական հարթակ ապահովել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների համար՝ ԵԱՀԿ առաջարկած սկզբունքների, պարտավորությունների ու դրույթների հիման վրա:
Այժմ համանախագահներն են Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ջեյմս Ուորլիկը (ԱՄՆ):
ԵԱՀԿ ՄԽ մշտական անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, փախստականներն ու պարտադրված վերաբնակները:






