AM
24 Մարտ 2006 - 12:41 AMT

Ապրիլի 17-ին Լոս-Անջելեսում կցուցադրվի Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը

Ապրիլի 17-ին Լոս Անջելեսում կցուցադրվի Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարը: Ֆիլմը կցուցադրվի անվճար, դահլիճի վարձակալության գումարը` 10 հազար դոլար, վճարել է ինքը` ռեժիսորը: «Մենք ֆիլմը կցուցադրենք ամբողջ օրը եւ ամբողջ գիշեր, կցուցադրենք այնքան անգամ, որքան որ պետք լինի»,- նշել է Գոլդբերգը: Նույն օրը «Հայոց ցեղասպանություն» կինոնկարը կացուցադրվի նաեւ PBS հեռուստաալիքի եթերում , որից հետո կկայան քննարկում` հայ համայնքի ներկայացուցիչների եւ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը ժխտող երկու պատմաբաններ Ջասթին Մակկարտիի եւ Օմեր Թուրանի մասնակցությամբ: ԱՄՆ հայերը անընդունելի են համարում այդ թեմայի շուրջ քննարկումներ կազմակերպելը, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը(ԱՀԴՀ): Հիշեցնենք, որ PBS-ը հրաժարվել էր ցուցադրել կինոնկարը առանց հաջորդող քննարկումների, ինչից հետո Գոլդբերգը որոշել է կինոդահլիճ վարձել Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է հայերի ամենամեծ համայնքը: 650 հազար դոլար բյուջեյով կինոնկարը նկարահանվել է հայկական կազմակերպությունների օժանդակության շնորհիվ: