Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանին երրորդ մեդալը բերեց 74 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Գոտեմարտում նա պարտության մատնեց դանիացի Մարկ Մադսենին: Առաջին մրցափուլում հաշիվը 2:0 էր՝ հօգուտ մեր մարզիկի, երկրորդ մրցափուլում նա վաստակեց ևս մեկ միավոր՝ հաղթելով 3:0 հաշվով:
Սա դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճած Հայաստանի հավաքականի երրորդ մեդալը: Երեկ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ էր նվաճել, իսկ ավելի վաղ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նույնպես արժանացել էր բրոնզե մեդալի։
Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ին՝ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012-ին՝ բրոնզե մեդալակիր, 2010-ին նաև աշխարհի արծաթե, 2011-ին՝ բրոնզե մեդալակիր։






