AM
30 Սեպտեմբեր 2013 - 13:29 AMT

The Washington Post. Մոսկվան պատժիչ միջոցների է դիմում, թույլ չտալու համար հետխորհրդային երկրների համաձայնությունն ԵՄ հետ

Արևմուտքը երկար ժամանակ անկախ Մոլդովային «անհուսալի էր» համարում, գրում է The Washington Post-ն իր խմբագրականում՝ երկիրը մինչ այդ հայտնի էր միայն «կանանց ու դոնորական մարմինների առևտրով»: Սակայն, այժմ Մոլդովան լիբերալ ժողովրդավարություն է աճող տնտեսությամբ և ուր որ է Ասոցացման մասին համաձայնագիր կկնքի ԵՄ հետ:

Սակայն Կրեմլը դիմում է պատժիչ միջոցների ու կաշառքի, միայն թե թույլ չտա, որ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ուկրաինան համաձայնագիր կնքեն ԵՄ հետ: Նա համոզում է այդ երկրներին անդամակցել Մաքսային միությանը: «Դա մի միջոց է իրականացնելու համար Պուտինի երազանքն ինչ-որ ձևով ԽՍՀՄ վերականգնելու մասին»,-ասվում է հոդվածում:

Հայաստանը վերջերս «հանձնվեց», սակայն Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան հայտարարում են, որ չեն հրաժարվի Եվրամիության հետ համաձայնությունից: Դա համարձակ որոշում է, քանի որ ԵՄ հետ ասոցիացիան լայնածավալ բարեփոխումներ է պարտադրում, իսկ Պուտինն ընդամենը պահանջում է «համաձայնեցնել մաքսային տուրքերն ու ՌԴ-ն ոչ հրապարակավ որպես տիրակալ ճանաչել»,-գրում է թերթը:

Թերթը խորհուրդ չի տալիս ԵՄ-ին մեղմացնել քաղաքական պայմանները, ինչի մասին խնդրում են Լեհաստանն ու Լիտվան: «Սակայն առաջիկա երկու ամիսներին ԵՄ առաջնորդները պետք է շատ աշխատեն համոզելու համար եվրասիական երկրներին ընդունել արևմտյան արժեքները: ԱՄՆ օգնությունն այստեղ ավելորդ չի լինի»,-նշում է թերթը, հայտնում է inopressa.ru-ն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: