AM
21 Հոկտեմբեր 2013 - 10:18 AMT

Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին արդիական զենքով

Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին ժամանակակից զենքով: Այդ մասին այսօր տեսաասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ երկրներ արդիական զենքի և սպառազինության առաքումների ծրագիրը պատրաստ է, հաստատված է մեր երկրների նախագահների կողմից,- ասել է նա: -Կա սպառազինության հաստատված անվանական ցանկ, այժմ հստակեցվում են այդ օգնության ժամկետները»:

«Երեքշաբթի ՀԱՊԿ ռազմական փորձագետները կհավաքվեն Մոսկվայում, ճշտելու սպառազինությունների անվանական ցանկն ու առաքումների ժամկետները»,- ասել է Բորդյուժան: Ըստ նրա, «ծրագիրը գտնվում է իրականացման փուլում»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ «սպառազինման ծրագիրը հսկայական միջոցներ է պահանջում»:

«Կարծում եմ, որ կարող է որոշակի ձգձգում լինել, հաշվի առնելով ՀԱՊԿ մի շարք պետությունների ֆինանսական հնարավորությունները»,- ասել է Բորդյուժան, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնում է News Armenia-ն, Բորդյուժան հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ առջև երբեք դրված չի եղել խաղաղապահներ գործուղելու հարցը մերձդնեստրյան կամ ղարաբաղյան հակամարտությունների գոտի: «Մեր առջև երբեք հարց չի դրվել, որ ՀԱՊԿ խաղաղապահները տեղակայվեն այս կամ այն թեժ կետում կամ հակամարատության գոտում»,- ասել է նա:

Ըստ Բորդյուժայի, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հայտնվել են մի քանի տարի առաջ և այժմ անցնում են համատեղ մարտական նախապատրաստման փուլ:

«Մերձդնեստրում արդեն կան ՌԴ խաղաղապահներ, որոնք բավականին հաջող են կատարում իրենց պարտականությունները, ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այնտեղ հատուկ կարգավիճակ է և որոշումներ հնարավոր է կայացնել միայն երկու պետությունների համաձայնության դեպքում:

Ըստ նրա, ՀԱՊԿ ղեկավարությունը շուտով մտադիր է շփումներ հաստատել ՄԱԿ խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հետ, որպեսզի այնտեղ գնահատեն խաղաղապահ ուժերի պատրաստականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նիկոլայ Բորդյուժան նշել է նաև, որ դրանից հետո անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկարողանա իր խաղաղապահ ուժերն օգտագործել ըստ ՄԱԿ ԱԽ մանդատի, «բնականաբար, Հավաքական անվտանգության խորհրդի՝ այսինքն ԱՊՀ անդամ պետությունների նախագահների համատեղ որոշման արդյունքում»:

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ում կստեղծվի Հակաթմրանյութային գործողությունների կենտրոն: Ըստ Նիկոլայ Բորդյուժայի, համապատասխան որոշումն արդեն կայացվել է: Կենտրոնը կհամակարգի ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեությունն այդ ուղղությամբ: