ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացում նկատելի են դրական փոփոխություններ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, կարևոր քայլ եղավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածությունը:
«Մենք քննարկումներ ենք վարում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ»,-ասել է նա:
«ԵԱՀԿ նպատակն է սատարել կողմերին քաղաքական կարգավորման ճանապրահին ու խուսափել այլընտրանքից»,-ասել է Զանիերը:
Այս շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին: Երևանում Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Միջնորդների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից անդադար հնչող հայտարարություններին, որոնք խեղաթյուրում են բանակցային գործընթացի բնույթն ու էությունը, հրադադարի խախտման հաճախակի դեպքերը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նման գործողությունները վնասում են խաղաղ գործընթացին:
«Ըստ իս, ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել, ճշտելու համար դիրքորոշումներն ու որոշելու համար թե ինչպես աշխատել առաջիկայում»,-հայտարարել է ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հանդիպման հնարավորությունը:






