AM
8 Նոյեմբեր 2013 - 09:46 AMT

Հայաստանը 4-ն է ամենառազմականացված երկրների ցանկում

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է ռազմականացաման 2013 թ. ամենամյա գլոբալ ինդեքսը: Ներկայացված են 2012 թ. տվյալները, որոնց համաձայն Հայաստանը 4-րդ տեղում է ռազմականացման 724.12 ինդեքսով: Անցյալ տարի Հայաստանը 5-րդ հորիզոնականում էր:

Ինչպես գրում է «Կոմերսանտն», ամենամյա գլոբալ ինդեքսը Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը կազմում է 1990 թվականից: Դա անկախ ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը զբաղվում է խաղաղության ու զարգացման խնդիրներով: Վարկանիշն ընդգրկում է 149 պետություն, որոնց ռազմականացման աստիճանը որոշվում է մի քանի ցուցանիշներով: Օրինակ, համեմատվում են երկրների պաշտպանական բյուջեների ծավալները նրանց ՀՆԱ-ի հետ, սպառազինման մատչելիությունը քաղաքացիների համար: Երկրների մասին տեղեկությունները վերցվում են Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտից, ԱՄՀ-ից, ԱՀԿ-ից: Տվյալները տեղադրվում են 0 մինչև 1000 սանդղակում, որտեղ 1000-ը առավելագույն ռազմականացման ցուցիչն է: Հեղինակները նշում են, որ միջինը երկիրը ծախսում է սպառազինման վրա ՀՆԱ 2,5 տոկոսը, սակայն առավել ռազմականացված երկրների ծախսներն ավելի մեծ են: Մերձավոր Արևելքի երկրներում, օրինակ, սպառազինման նպատակով ծախսվում է ՀՆԱ մոտ 7 տոկոսը:

2007 թվականից ի վեր Իսրայելն աշխարհի ամենառազմականացված երկիրն է (794,13): 2013 թվականի վարկանիշի առաջին հնգյակում են նաև Սինգապուրը (751,97), Ռուսաստանը (728,87), Սիրիան (714,19): Հայաստանի հարևաններից Ադրբեջանը 8-րդ տեղում է, Թուրքիան՝ 23, Իրանը՝ 28, Վրաստանը՝ 54:

ԱՄՆ-ն 574,05 վարկանիշով 27-րդ տեղում է, Չինաստանը՝ (431,48) — 83: «Այսօրվա դրությամբ Չինաստանն ունի ամենամեծ բանակը տարածաշրջանում՝ 2,2 մլն զինվոր և 26 093 միավոր ծանր սպառազինություն: Այնուամենայնիվ, նրա ուժերը չունեն բավարար մարտական փորձ, ինչպես նաև օտար տարածքում գործողությունների անցկացման փորձ»,-ասվում է զեկույցում: Եվրոպայի երկրները, ըստ վարկանիշի, ունեն ռազմականացման միջին և ցածր մակարդակ: Օրինակ, Ֆրանսիան 55-րդ տեղում է, Լեհաստանը՝ 75, Գերմանիան՝ 93, Շվեդիան՝ 94: Ամենախաղաղասեր երկիրն Իսլանդիան է: