Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թուրքիան փորձում է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հայ-թուրքական սահմանը բացելու համար:
Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լևենթ Գյումրուքչուն նշել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, «Թրենդ» գործակալությանն են հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը:
Ինչպես ասել են դեսպանատանը, հայ-թուրքական բանակցությունները անց են կացվում ղարաբաղյան բանակցություններին զուգընթաց և պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել այդ մասին: «Թուրքիան ուշադիր հետևում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և պատրաստ է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-ասել են դեսպանատանը:
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Ինչպես գրում է Aksam թերթը, Դավութօղլուն հաստատել է հայ-թուրքական սահմանին տարվող աշխատանքների մասին տեղեկությունները՝ նշելով, որ պատրաստվում են սահմանը բացել 2015 թվականի շեմին:
Բացի այդ նախարարը նշել է, որ մոտ ապագայում այցելելու է Ադրբեջան, և եթե հաջողվի Բաքվին համոզել բացել սահմանը, ապա նրանք կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:
1993 թ. Թուրքիան միակողմանի կարգով փակեց հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես դա պատճառաբանելով «ադրբեջանական շրջանների օկուպացիայով հայկական զորքերի կողմից»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց:






