AM
27 Նոյեմբեր 2013 - 11:19 AMT

Ստամբուլի դատարանը հրաժարվել է միավորել Դինքի սպանության և Տրաբզոնի ոստիկանապետի գործերը

Թուրքիայի դատարանը հրաժարվել է միավորել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության և Տրաբզոնի ոստիկանության մի քանի աշխատակիցների պարտականությունների կատարման մեջ թերանալու գործերը: Դատարանը հիմնավորեց իր որոշումը նրանով, որ չկան գործերը միավորելու ֆիզիկական և իրավաբանական հիմնավորումներ: Կասկածյալների թվում էր նաև Տրաբզոնի ոստիկանապետ Ալի Օզը:

Տարեսկզբին նոր դատավարություն սկսվեց Դինքի գործով այն բանից հետո, երբ Գերագույն վերաքննիչ դատարանը մայիսին չեղյալ համարեց 2012 թ. հունվարի 17-ի իր որոշումը, որտեղ մերժեց հանցավոր ցանցի մեղսակցությունը լրագրողի սպանությանը: Հոկտեմբերի վերջում կրկին ձերբակալվեց կասկածյալ Էրհան Թունջելը, որը մինչ այդ արդարացվել էր բոլոր կետերով, գրում է Today’s Zaman-ը: