AM
11 Դեկտեմբեր 2013 - 11:22 AMT

Ռուսաստանի ծախսերը ՄՄ-ին Հայաստանի ինտեգրման համար կկազմեն 1 մլրդ դոլար

Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հաշվարկել է Ռուսաստանի ծախսերը Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման համար: Նրա կարծիքով, այդ ծախսերը կազմում են 1 մլրդ դոլար: Ինչպես գրում է «Ռոսբալտը», Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունից ՄՄ շատ ավելի ծանրակշիռ քաղաքական դիվիդենտներ կստանա, իսկ վերոնշյալ 1 միլիարդը պայմանավորված է հիմնականում Հայաստան առաքվող բնական գազի գների նվազման, որոշ ապրանքների համար մաքսային տուրքերի զրոյացման, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծախսերով և այլն:

Այլ տվյալներով, միլիարդով դա չի սահմանափակվի և դրամական արտահայտմամբ Ռուսաստանը շատ ավելին կվճարի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար: Փոխարենը «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» կկազմի 100 տոկոս ներկա 80 տոկոսի դիմաց: Այսինքն Ռուսաստանին կանցնի Հայաստանի ողջ գազաբաշխիչ ցանցը, ինչպես նաև այլ ռազմավարական օբյեկտների ու ոլորտների հսկողությունը: Հայաստանն ավանսով արդեն ստացավ Ռուսաստանից լուրջ զիջումներ տեղական տնտեսության համար ռուսական ամենաանհրաժեշտ ապրանքների համար՝ բնական գազ, նավթամթերք ու ալմաստներ: Բացի այդ, «Ռոսնավթն» ու հայկական «Օյլ տեխնո» ՓԲԸ-ն համատեղ ձեռնարկություն են ստեղծում, որը կապահովի Հայաստանին համեմատաբար էժան, բայց որակյալ նավթամթերքով: Պահանջարկը կազմում է տարեկան մոտ 400 հազար տոննա, ընդ որում խոսքը գնում է բացառապես ներկրման մասին, քանի որ Հայաստանը նավթամթերք չի արտադրում: Անցյալ տարի թանկության պատճառով Հայաստանը ներկրել է ընդամենը 350 հազար տոննա, ասվում է հոդվածում, ասվում է «Ռոսբալտում» հրապարակված Իրինա Ջորբենաձեի հոդվածում:

Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրման հետազոտությունների կենտրոնի գնահատականներով, Հայաստանի համար բնական գազի ներկրման համար տուրքի վերացումը կկազմի 140 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ, երկրի անդամակցումը Մաքսային միությանը կհանգեցնի լրացուցիչ ՀՆԱ ամենամյա 4,5-տոկոսանոց աճի:

Հավանաբար, Ռուսաստանն ավելի մեծ զիջումների կգնար ՄՄ-ին Հայաստանի անդամակցության համար, որի միջոցով նա կամրապնդի իր ներկայությունը Հարավային Կովկասում, ընդլայնելով ազդեցությունը Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: Այս փուլում, դա ամենից հեշտ կլինի անել, օգտագործելով Հայաստանի տարածքն ու ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը:

Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հենց հիմա, այսինքն երբ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվեցին ԵՄ հետ ինտեգրման գործընթացներից ու Վրաստանի ու Մոլդովայի հետ համապատասխան փաստաթղթի նախաստորագրման պայմաններում, հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի այդ երկու հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այսինքն ծանրության կենտրոնն Արևմուտքի ու ՌԴ միջև պայքարում տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, որի սուբյեկտայնությունը զգալիորեն աճում է այս քաղաքական համատեքստում և հնարավորություն է տալիս ազդելու առնվազն Ադրբեջանի ու Թուրքիայի վրա: Հիշեցնենք, որ ռուսական զորքերն արդեն իսկ Հայաստանում են և խոսքը ՀԱՊԿ կառույցների տեղակայման մասին է, ասվում է հոդվածում:

Մինչդեռ ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ու Հայաստանի աճող համագործակցությունը առանց այդ էլ արդեն փոխում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը մտահոգում է Ադրբեջանին, Թուրքիային ու Արևմուտքին: Արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերից Հայաստանը ռուսական զենքն ու սպառազինությունը, ռազմական տեխնիկան կստանա ներռուսաստանյան գներով այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով Ադրբեջանի ազգային ու տարածաշրջանային անվտանգության համար:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն պատրաստ է: