ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ու Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը, ինչպես նաև կոչ են անում այնպիսի մթնոլորտ պահպանել, որը կնպաստի առաջընթացին բանակցությունների սեղանի շուրջ: Դեկտեմբերի 15-19 հակամարտության գոտի համանախագահների այցի ավարտին Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել հայտարարությամբ: «2014 թվականի հունվարին համանախագահները կխորհրդակցեն ԵԱՀԿ նոր նախագահի՝ Շվեյցարիայի հետ: Դրան կհաջորդի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն, ինչպես նաև նախապատրաստումը նախագահների հաջորդ հանդիպմանը»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Վերջին այցի շրջանակներում համանախագահներն այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 17-ին համանախագահներին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների խաղաղ կարգավորումն ու ուժային տարբերակների բացառումը: Նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումն ու Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը: Որոշակի փուլում Արցախը պետք է վերադառնա ղարաբաղյան գործընթաց, հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Դեկտեմբերի 16-ին համանախագահներն Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:






