AM
29 Հունվար 2014 - 07:13 AMT

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին միաձայն որոշում է ընդունել: Միջազգային հանրությանը միաժամանակ նույնպես կոչ է արվել ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ճանաչել, գրում է «Ասբարեզ»-ը:

Բանաձևի հեղինակը քաղաքային խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանն է:

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պոլ Գրիգորյանին և Լոս Անջելես քաղաքին ճշմարտությանն ու արդարությանն աջակցելու համար, ինչպես նաև մեր երախտագիտությունն արտահայտել յուրաքանչյուրին, ով միացել է Արցախի անկախությունն ընդունելու հարցում գործադրված ջանքերին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի Գլենդելի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Խորհրդի անդամներն ընդունված բանաձևում մասնավորապես նշում են, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ:

Բանաձևում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչել է տարածաշրջանի շատ ժողովուրդներին: Իմիջիայլոց, բանաձևը լրացնում է Մեյնում, Մասաչուսեթսում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ռոդ Այլենդում, Ֆրեզնոյում ու այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը:

2014-ի հունվարի սկզբին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարան էր ներկայացվել Լեռնային Ղարաբաղն որպես ինքնիշխան պետություն ճանաչող ու Միացյալ Նահանգներին այն ևս ճանաչելու կոչ անող օրինագիծը: Այն ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:

AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն և Միավորված երիտասարդ հայերն արդեն հաստատել են, որ աջակցում են նախագծին:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունվելու դեպքում օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, ամերիկյան Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության բոլոր անդամներին, նշում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

2013-ի ապրիլի 23-ին Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանի Հոգաբարձուների խորհուրդը բանաձև էր ընդունել, որտեղ պաշտոնապես հայտարարել էր՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պատմական ու էթնիկապես հայկական տարածաշրջան, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բանաձևի հեղինակն Անդրեաս Բորգեսն էր:

2013-ին Հայլենդի Քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով Հայլենդը ևս ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն և կոչ արել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և դրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, ԱՄՆ Մեն նահանգը ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նահանգի ներկայացուցիչների պալատն ու սենատը բանաձև էին ընդունել և կոչ արել ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

2012-ի օգոստոսի 6-ին ԼՂՀ անկախությունը ճանաչել էր նաև Մասաչուսեթսի Ներկյացուցիչների պալատը: