Ապրիլի 7-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարության տեքստ են ներկայացրել։
ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանն ասել է, որ փաստաթղթով ՀՀ պատվիրակությունը ցանկանում է ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրել Քեսաբի դեպքերին: Գրավոր տեքստում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին՝ իրենց տարածքը չտրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, քանի որ, ինչպես գիտենք, Քեսաբի վրա հարձակումը տեղի է ունեցել հենց Թուրքիայի տարածքից։ Փաստաթղթին միացել են արդեն մի շարք երկրներ՝ տարբեր քաղաքական խմբերից, և մինչև օրվա վերջ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ կհավաքվի, գրում է Panorama.am-ը:
Անհրաժեշտ է, որպեսզի հայտարարության տակ ստորագրի 20 պատգամավոր՝ 4 տարբեր երկրից և 2 քաղաքական խմբի ներկայացուցիչ։ Ստորագրությունների ամբողջացումից հետո այն կդառնա Եվրոպայի խորհրդում գրանցված փաստաթուղթ։ Այսօր ԵԽԽՎ-ում կայանալիք ազատ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ կբարձրաձայնեն Քեսաբում տեղի ունեցած դեպքերի մասին։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նույնպեսիր ելույթը նվիրել է այդ ողբերգական դեպքերին ու պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ: Իր ելույթում հայ պատգամավորն մասնավորապես ասել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում, մարդկային հերթական ողբերգությունն է: Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է:
Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել հայերի տները: Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է: Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երեևում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, և նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ: Ուստի թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները` թուրքիզմի հերթական դրսևորումն են, ոչ ավելին: Եվ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի և Մերձավոր Արևելիք վրա:
Քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում` անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի և մեր Վեհաժողովը պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջել թուրքական իշխանություններից: Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եվ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ` տեղում իրավիճակին ծանոթանալու և օր առաջ լուծումներ գտնելու համար»,- հորդորել է Նաիրա Զոհրաբյանը:
Միևնույն ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ապրիլի 7-ին հիմնադրամի գործադիր վարչությունը քեսաբահայության օգնության նպատակով 13 711 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Քեսաբահայությանն ուղղված ընդհանուր գումարն արդեն իսկ կազմում է 28.256 ԱՄՆ դոլար:
Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը դիմել է պատրիարք Կիրիլին` խնդրելով աջակցել սիրիահայերին Քասաբի դեպքերի դժվարին ժամանակներում:
«Մենք խնդրում ենք Համայն Ռուսիո պատրիարքին և ամբողջ ռուս ազգին աղոթել մեզ համար: Նաև խնդրում ենք Պատրիարքին աջակցել բոլոր այն միջոցառումներին, որոնք թույլ կտան կանխել արյունահեղությունը»,- ասել է եպիսկոպոսը` շնորհակալություն հայտնելով արդեն իսկ տրամադրված մարդասիրական օգնության համար և հույս հայտնելով, որ պատրիարքը Սիրիա կայցելի առաջին իսկ հնարավորության դեպքում:
Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:
Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:
Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:
Չհաստատված տեղեկություններով Սիրիայի բանակին արդեն հաջողվել է ազատել քաղաքը ապստամբներից։ Իսկ մինչև այդաշխարհում գնալով ավելի շատ են խոսում Քեսաբի վերջին իրադարձությունների մասին, ապստամբների վայրագությունների մասին ավելի շատ ԶԼՄ-ներ գրում, արձագանքներ կան նաև քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների կողմից։ Սպիտակ տան We the people կայքում խնդրագիր է զետեղվել, որով կոչ է արվում կասեցնել կոտորածը Քեսաբում: Այն տեղադրվել է մարտի 28-ին և արդեն 10 հազարից ավելի ստորագրություն հավաքել: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն, որպեսզի խնդրագիրը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման:






