AM
10 Ապրիլ 2014 - 07:08 AMT

Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին

Կոնգրեսական Ադամ Շիֆնապրիլի 9-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է թուրք ժողովրդին . Նամակում մասնավորապես ասվում է.

«Այսօր ես գրում եմ ձեզ մի թեմայով, որը կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդների համար: Դա վերաբերում է մի հարցի, որի մասին ձեզանից շատերը, հատկապես նոր սերունդը, քիչ բան գիտեն, քանի որ ձեր կառավարությունը թաքցնում է պատմության այդ էջը` հսկայական ջանքեր գործադրելով դրա համար: Թուրքիան եղել է մարդկային քաղաքակրթության կենտրոնը նեոլիթից մինչև մեր օրերը, ձեր արվեստը, մշակույթն ու գիտությունը հարստացրել են աշխարհը: Բայց այդ ամենը զուգակցվում է ձեր պատմության ամենամութ էջի հետ, որի մասին այսօրվա թուրքերը կամ շատ քիչ գիտեն, կամ ոչինչ չգիտեն:

Գիտե՞ք դուք արդյոք, որ ձեր տատիկներն ու պապիկները շատ հայ հարևաններ ու ընկերներ են ունեցել և որ Ստամբուլի բնակչության 20 տոկոսը հայեր էին: Գիտե՞ք արդյոք, որ հայերը լավ էին ինտեգրված թուրքական հասարակության մեջ՝ նրանք հայտնի գիտնականներ էին, նկարիչներ, արհեստավորներ: Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ եղավ նրանց հետ, հարցրե՞լ եք ձեր ծնողներին, թե ուր անհետացան երկրից այդքան աշխատասեր ու ունեվոր մարդիկ: Գիտե՞ք արդյոք, ինչու է ձեր կառավարությունը հսկայական ջանքեր գործադրում պատմության այդ էջը թաքցնելու համար: Թույլ տվեք ինձ պատմել ձեր պատմության այդ հատվածի մասին: Մնացածը դուք ինքներդ պետք է պարզեք», -գրում է Ադամ Շիֆը:

Նա հիշեցնում է, որ 99 տարի առաջ` ապրիլին Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, երիտթուրքերի կառավարությունը նախաձեռնեց ու սկսեց կայսրության հայ քաղաքացիների բռնագաղթը, գույքի առգրավումն ու սպանությունները: «Հայ բնակչության մեծ մասը բռնի տեղահանվեց ու քշվեց դեպի Սիրիայի անապատները, որտեղ շատերը մահացան: Հարյուր հազարավոր հայերի սպանեցին օսման ժանդարմները, զինվորներն ու նույնիսկ ուղղակի հասարակ թուրքերը: Երբ 1923 թվականին այդ սպանդը վերջացավ, 1,5 մլն հայ արդեն սպանված էր: Ամբողջ աշխարն այժմ դա ճանաչում է որպես ХХ դարի առաջին ցեղասպանություն: Վերապրածները սփռվեցին Մերձավոր Արևելքում, ով կարողացավ, հասավ ԱՄՆ՝ հաստատվելով Լոս Անջելեսում:

ԱՄՆ Կոնգրեսում ես ներկայացնում եմ նրանց թոռներին ու ծոռներին: Դա հզոր համայնք է՝ տասնյակ հազարավոր հայեր իրենց դպրոցներով, եկեղեցիներով ու ձեռնարկություններով, որն ամեն օր օգնություն է ցուցաբերում իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին: Նրանց անունից ես կոչ եմ անում ձեզ նորից երկխոսություն սկսել Թուրքիայում 1915-1923 թթ. տեղի ունեցած իրադարձությունների մասին: Որպես ժամանակակից Թուրքիայի բնակիչ դուք կարող եք հարցնել. ո՞րն է իմ մեղքը մի ոճրագործության մեջ, որը կատարվել է իմ ծնվելուց շատ առաջ: Ես ձեզ այսպես կպատասխանեի. ձեր բարոյական պատասխանատվությունն է ճանաչել ճշմարտությունն ու հաշտվել հայ ժողովրդի հետ, ինչը ձեր ծնողները չեն կարողացել կամ չեն ցանկացել անել: Դուք ժառանգել եք այդ պարտավորությունը: Մենք չենք ընտրում մեր պատմությունը, բայց որոշում ենք, թե ինչ անել նրա հետ՝ դա կարևոր է Թուրքիայի ապագայի համար», -գրում է կոնգրեսականը:

Ադամ Շիֆն անդրադարձել է նաև ոչ վաղ անցյալին և բերել Գերմանիայի օրինակը, որը ներողություն խնդրեց հրեա ժողովրդից Հոլոքոսթի համար, քրեական գործեր հարուցեց ռազմական հանցագործների դեմ, վերադարձրեց հրեաների գույքը և հաշտվեց Իսրայելի հետ՝ ապաշխարելով կատարվածի համար:

Կոնգրեսականը վստահ է, որ այդ ճանապարհը պետք է անցնի նաև Թուրքիան: «Դա հեշտ չի լինի, հարցերը ցավոտ կլինեն իսկ պատասխանները` դժվար, երբեմն անհասկանալի: Բայց մի հարց առանձնանում է. ինչպե՞ս կարող է մի ազգ, որը դարեր շարունակ իշխել է բազմազան, բազմամշակույթ կայսրությունում, նման անողոք դաժանությամբ վարվել նրա ժողովրդներից մեկի հետ: Դրա համար էլ նոր բառ հորինվեց, որը նկարագրում է այն ամենն, ինչ կատարվել է՝ Ցեղասպանություն: Ինչպես հուդայականության ու քրիստոնեության մեջ, այնպես էլ իսլամում ապաշխարանքի (tawba) հասկացողությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում: Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, իսկ հայերն ամբողջ աշխարհում ոգեկոչելու են իրենց զոհերին, կրկին զգալով կորստի մեծությունն ու հարցնելով՝ ինչո՞ւ: Խնդրում եմ, պատասխանեք նրանց ապաշխարանքի խոսքերով», -եզրափակում է Ադամ Շիֆը: