ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանական կողմն Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին: «Նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»,- գրել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր, որ հանձնաժողովի անդամներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գտնվում են Ղազախի շրջանում ու բանակցում են հայկական կողմի հետ` Հայաստանին Արսեն Խոջոյանին փոխանցելու համար, գրում է ադրբեջանական APA-ն: Բանակցություններից հետո Հայաստանի քաղաքացին, ամենայն հավանականությամբ, կվերադարձվի հայրենիք:
Ապրիլի 3-ին Սաիլովը հայտարարել էր, որ Խոջոյանի հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են: «Բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հնարվոր կլինի վերադարձնել երիտասարդին հայրենիք: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում: Այս պահին կոնկրետ ժամկետների մասին խոսել չեմ կարող»,- ասել էր նա: Սաիլովը նշել էր, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել:
Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ քաղաքացի է ձերբակալել։ Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։






