AM
11 Ապրիլ 2014 - 13:16 AMT

Ուորլիքը մտահոգված է «բռնությամբ» շփման գծում, բայց մեղավորին չի նշում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ապրիլի 11-ին Trend գործակալությանն ասել է Ուորլիքը։

Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ:

Ինչպես ասել է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել: «Ես և մյուս համանախագահներն ամբոջ ուշադրությունն ուղղել ենք ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, վերջին 5 տարիներին նախագահների հայտարարությունների տարրերի հիման վրա հակամարտության արդար ու կայուն կարգավորման հարցում կողմերի աջակցությանը: Մեր չեզոքությունը չափազանց կարևոր է այդ գործընթացի համար»,- ասել է Ուորլիքը: Ըստ նրա, համանախագահները կանոնավոր այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ և մերձակա շրջաններ: Դրանք եզակի հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ իրավիճակը, ասել է ամերիկացի համանախագահը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ համանախագահը նշել է, որ երկու երկրի ղեկավարները համամիտ են հետագայում բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու անհրաժեշտությանը: «Ջանում ենք օգնել նրանց հանդիպման ժամկետի և վայրի մասին համաձայնության հասնելու հարցում, սակայն դա կախված է հենց իրենցից: Անցյալ նոյեմբերին Վիեննայում կայացած նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր խաղաղ գործընթացում: Շտապում ենք առաջիկայում շարունակել այն ժամանակ արծարծված հարցերի քննարկումը»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Ապրիլի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել, որ ականի պայթյունից Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում: Պայթյունից զոհվել են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, զինվորներ Սեյֆադդին Քերիմովն ու Նովրուզ Աբդուլլաևը: Վիրավորվել են զինվորներ Բահրուզ Մուսաևը, Ալի Միրզոևը, Ազեր Իսֆենդերզադեն, Մուրսալ Զուլֆուգարովը, Սադիգ Ջեբրաիլովը և Էմին Թալիբովը: Մանրամասները չէին ներկայացված:

Հակառակորդի վերջին դիվերսիոն փորձը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին արձանագրվել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ում ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 2-6-ը Երևան ու Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական և հայկական կողմերը հավաստիացրեցին, որ բոլոր ջանքերը կգործադրեն հրադադարի ռեժիմը պահպանելու համար, հատկապես Սոչիի ձմեռային օլիմպիադայի օրերին:

Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով բոլոր կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակեց խախտել հրադադարի ռեժիմն ինչպես Օլիմպիադայի օրերին, այնպես էլ դրանից հետո:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մարտի 24-ին 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 27-ից լույս 28-ի գիշեր ադրբեջանական դիրքերից ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ: