AM
14 Ապրիլ 2014 - 12:09 AMT

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն և Թուրքիայի Արդարության ու զարգացման կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը քննարկել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ինչպես հայտնում է TRT Haber-ը, հանդիպմանը քննարկվել են նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Սա ԱՄՆ դեսպանի առաջին այցելությունն է իշխող կուսակցության գրասենյակ վերջին 10 ամսում, այն տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, Ռիկարդոնեն կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության մասինS.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում էանպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: