ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Ադրբեջանական կողմն այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան ժամերին նորից կրակ է բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ: Այգիներում աշխատող մարդկանց մի մասը զգուշությամբ կարողացել է վերադառնալ գյուղ, մյուսներն էլ դեռ այնտեղ են:
Կրակոցներն առավոտյան դադարել են, բայց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը անհանգստանում է այգիներում մնացած գյուղացիների համար, քանի որ այդ հատվածում կապ չկա և լուր չունի նրանցից, գրում է Panorama.am-ը:
«Առավոտն է եղել խաղողի այգիներում: Մարդիկ հազիվ փախել են: Մտել են փոսերի մեջ, կամաց-կամաց հեռացել են: Մեր գյուղացիներն են, ջահել տղաներ, հազիվ դուրս են պրծել կրակոցներից: Մի մասը չի եկել, անհանգիստ եմ: Բայց առավոտյան կրակոցները չեն կրկնվել: Ինձ թվում է` իրենք ոչ թե վախենում են դուրս գալ, այլ մնացել են, որ նորից աշխատեն: Մեր խաղողի այգիներն են, պիտի աշխատեն, ուրիշ ձև չկա»,- ասել է գյուղապետը:
Այգիներում նաև Չորաթանի բնակիչներ են եղել: Գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն իր հերթիննշել է, որ կրակոցները սկսել են ժամը 09։00-ին և տևել մինչև 25 րոպե:
«Մեր խաղողի այգիները կպած են, շատ մոտ ենք իրենց: Այդտեղ են կրակել ժողովրդի վրա, աշխատելուց: Հետո դրանք մտել են խրամատները, մեր գյուղացիներն էլ նորից աշխատում են: Ամեն ինչ նորմալ է, զոհ և վիրավոր չունենք: Մենք սովոր ենք, միշտ կրակում են»,- հավելել է գյուղապետը:
Ապրիլի լույս 15-ի գիշերը եղել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն: Գյուղացիների խոսքով՝ որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։
Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը:
Հակառակորդն ապրիլի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:
Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։
Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:






