Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում այդ կազմակերպության անդամ երկրներից 150-ը փաստորեն չեն աջակցել «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության մասին» բանաձեւում Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին: Բանաձեւն անդրադառնում է ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրներում ՄԱԿ-ի հետ համագործակցության հարցերին` այդ թվում նաեւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ադրբեջանական պատվիրակությունը փոփոխություններ է առաջարկում ԵԱՀԿ նախագահության կողմից ներկայացված տեքստում` նպատակ ունենալով ԼՂ հարցով իրեն շահավետ ձեւակերպում մտցնել: Այս տարի եւս, ինչպես բոլոր նախորդ տարիներին, Ադրբեջանը հերթական փոփոխություններն է առաջարկել բանաձեւի տեքստում, որոնք մերժվել են քվեարկութայն արդյունքում: Թե- ոչ մեծ թվով երկրներ կողմ են քվեարկել (37 երկիր), հայկական կողմը դրական է գնահատում քվեարկության արդյունքները, ասվում է Հայաստանի ԱԳՆ մամլո-հաղորդարգրության մեջ, քանի որ ձեռնպահների (101 երկիր) եւ քվեարկությանը ընդհանրապես չմասնակցածների (48 երկիր) թիվը վկայում է այն մասին, որ համաշխարհային հանրությունը չի սատարում ադրբեջանամետ դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ի դեպ, Ադրբեջանին սատարող երկրների թիվը տարեց տարի նվազում է եւ այս տարի դրանք եղել են հիմնականում ՎՈՒՈՒԱՄ-ի եւ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները: