AM
10 Հունիս 2014 - 08:48 AMT

Թուրքիայի հայ համայնքը քննադատում է Անկարային քեսաբահայերի հանդեպ անտարբերության համար

Թուրքիայի հայ համայնքը քննադատում է Անկարային քեսաբահայերի հանդեպ անտարբերության համար, որոնք ապաստան են որոնում Թուրքիայում: Համայնքը նաև ուշադրություն է հրավիրում ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի անհամաչափ կեցվածքին քեսաբահայերին օգնելու գործում, որոնք հաստատվել են Թուրքիայում, գրում է Today’s Zaman-ը:

Համայնքը հավաքվել էր հունիսի 7-ին քննարկելու համար Թիթիզյան քույրերի՝ 82-ամյա Սաթենիկի ու 80-ամյա Սրբուհու, վիճակը, որոնք ապաստան են գտել Թուրքիայի այժմ միակ հայաբնակ Վագիֆլի գյուղում:

«Թիթիզյան քույրերը չեն տեղափոխվել Թուրքիա, նրանց առևանգել են սիրիացի գրոհայինները»,-հայտարարել է լրագրող Արիս Նալջին: Ըստ նրա, ևս 19 հայեր, հիմնականում տարեց մարդիկ ու հաշմանդամներ, բերվել են Վագիֆլի: Այնտեղ հողին հանձնվեց ծերունին, որը ցանկանում էր Լիբանան մեկնել:

«Քեսաբի ողբերգության մասին թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ Թուրքիան մեղավոր է, թեև դա սխալ է: Հայաստանը ևս ոչնչով չօգնեց քեսաբահայերին: Նույնիսկ մենք՝ թուրքաբնակ հայերս ոչինչ չարեցինք Քեսաբի համար»,-կարծում է Մալջին՝ հավելելով, որ Հայաստանը չի կարող ապաստան տալ բոլոր սիրիահայերին: «Ինչո՞ւ Քեսաբը դատարկվեց: Ինչո՞ւ Թուրքիան չի կարողանում պաշտպանել ու պահպանել Քեսաբը»,-հարցնում է լրագրող ու խմբագիր Ալին Օզինյանը: Ըստ հավաքվածների, ոչ միայն Թուրքիայի իշխանությունները, այլև հայ համայնքի ղեկավարները պատասխանատու են այն խնդիրների համար, որոնց հետ բախվում են ազգությամբ հայերը, այդ թվում Քեսաբում:

Ըստ քաղաքացիական ակտիվիստ Հարութ Օզերի, թուրքահայերը ոչինչ չարեցին օգնություն ցուցաբերելու համար: «Ինչո՞ւ ենք մենք մեղադրում թուրքական կառավարությանը, երբ ինքներս չենք գործում: Մեր հիվանդանոցներն ու հիմնադրամները ոչինչ չեն անում, իսկ պատրիարքը հետևում է թուրքական կառավարության քաղաքականությանը, մեր համայնքին սատարելու փոխարեն: Մենք պետք է արդարացնենք մեր գոյությունը ու կասեցնենք բնակչության նվազումը: Փոխելու համար այդ իրողությունը թուրքական ու հայկական իշխանությունները պետք է փոխեն մտածելակերպը»,-ասել է Օզերը:

Մարտի 21-ին թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 500 հայ ընտանիք Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում։ Մարտի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

«Գտնում են, որ որոշ շրջանակների՝ Քեսաբի շրջանում դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք: Համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսաբի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով:

Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,- ասված է հայտարարության մեջ: