AM
16 Հունիս 2014 - 09:35 AMT

Rose Roth-ը Բաքվում. ՆԱՏՕ ԽՎ ղեկավարի հայտարարությունը Ղարաբաղի մասին ու բողոքի ակցիան հայ պատգամավորների դեմ (թարմացված)

ՆԱՏՕ-ն կշարունակի իր ջանքերը` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ մասին Rose Roth-ի 86-րդ սեմինարում, որը նվիրված էր «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմային, ասել է կառույցի նախագահ Հյու Բեյլին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն էր փոխըմբռնման հասնել կողմերի միջև. «Պետք է իմանալ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով», հայտնում է APA-ն:

Ըստ Բեյլիի, չնայած որ ՆԱՏՕ-ն չի մասնցում այդ գործընթացին, կառույցը կշարունակի իր ջանքերն` ուղղված փոխըմբնռման հասնելուն. «Մենք կարևոր ենք համարում վստահության ստեղծումը կողմերի միջև»:

Հունիսի 16-18 Բաքվում անցնող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցելու նպատակով այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամներ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թևան Պողոսյանը, Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ է տրամադրել հայ պատգամավորներին:

Թևան Պողոսյանի խոսքով` Հայաստանի պատվիրակության անդամներն այդ երկրում իրենց նորմալ են զգում, վաղը լինելու են քաղաքի ինչ-որ տեղերում և անպայման այցելելու են Բաքվի հայկական եկեղեցի. «Խոստացել են, որ վաղը կայցելենք անպայման, կկազմակերպեն: Միանգամից համաձայնեցին, որ կգնանք կպտտվենք»,- Բաքվից հայտնել է Թևան Պողոսյանը՝ ի պատասխան հարցի, թե մեր պատվիրակությունն իրեն ինչպես է հոգեբանորեն զգում, գրում է Tert.am-ը:

«Լրիվ նորմալ, հանգիստ, առանց որևէ էքսցեսների: Երեկ նորմալ դիմավորել են»,-պատմել է Թևան Պողոսյանը:

Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները «բողոքի ակցիա» են անցկացրել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ իջևանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին և առգրավել նրանց պաստառները, հայտնում է Haqqin.az-ը: Պողոսյանը նշել է, որ այդ ժամանակ իրենք ներսում են եղել և ակցիայի մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից:

Ավելի վաղ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

«Սեմինարի օրակարգում չկա մի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ասել է նա:

Ինչպես պարզաբանել էր Կորյուն Նահապետյանը հունիսի 9-ի ճեպազրույցում, ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում, որն անցել է մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում, հայկական պատվիրակությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև հայ պատվիրակների մասնակցության հարցը Բաքվում անցկացվող Rose Roth սեմինարին, եթե նրանց անվտանգության երաշխիքներ տրվեն: Հայկական կողմն առաջարկել է նաև Rose Roth 2015 թ. սեմինարն անցկացնել Երևանում: Rose Roth սեմինարը Երևանում անցկացվել է երկու անգամ՝ 2005 և 2010 թթ.: Նահապետյանը նշել է նաև, որ Վիլնյուսում մանրամասն քննարկվել է նաև, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: «Հաստատվել է 2014-16 թթ.-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»,-ասել է նա:

Ապրիլի սկզբին Der Spiegel պարբերականը հրապարակել էր Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Ըստ փաստաթղթի հեղինակների, բոլոր երեք երկրներում հարկավոր է զարգացնել տեղի զինված ուժերի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է զինվորական սպառազինման առաքում ու ռազմական ներուժի սերտաճում՝ մասնագիտացումների բաշխման պարագայում, հայտնում է պարբերականը:

Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan – IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում: