AM
29 Օգոստոս 2014 - 10:10 AMT

Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր

Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր,ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, գրում է Ռազմինֆո-ն։ Նրա խոսքով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից, այլ մանրամասներ չեն հաղորդել։

Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել է Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

«Օգոստոսի 26-ին Կարմիր խաչը տեղեկություն է ստացել, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր, ԿԽՄԿ նշված տեղեկատվությունը փոխանցվել է երևանյան պատվիրակությանը, որոնք էլ իրենց հերթին հայտնել են ՀՀ իշխանություններին ու Ինջիղուլյանի հարազատներին»,- ասել է պատվիրակը՝ նշելով, որտեղեկություն չունեն, թե կոնկրետոր երկիր է տեղափոխվել ռազմագերին, գրում է Panorama.am-ը:

Դեռևս մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։

Հակոբ Ինջիղուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում, գերության մեջ էր 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»:«Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: