AM
16 December 2002 - 19:12 AMT

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՈՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐԸ

Չի կարելի մոռանալ Հայաստանի հետ սահմանի բացման գործոնի մասին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության տեսանկյունից: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի եվրոպական համակարգող Բուրջու Գյուլթեքինը Բաքվի «525» թերթին: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նոր կառավարությունը կարեւոր նշանակություն կտա Արեւելքի երկրներին առնչվող նախագծերին: «Մենք ձգտում ենք այդ տարածաշրջանի հետ կապերի զարգացմանը, եւ թուրք-հայկական սահմանի բացումը այդ գործում մեծ դեր է խաղում: Երկրների միջեւ կապերի զարգացումը կնպաստի խաղաղության եւ համաձայնության ձեռք բերմանը», – նշել է Գյուլթեքինը: Նրա խոսքերով, տարածաշրջանում դիտվում է գործընթացների արագացում, եւ այդ պատճառով Թուրքիան պետք է հաշվի առնի արեւելյան հարեւանի հետ կապերի վերականգնման հեռանկարները:Համակարգողը նշել է, որ մինչ օրս Թուրքիայի առանձին գործարարներ, հիմնականում Իգդիրից, այցելել են Հայաստան, որտեղ մի քանի պայմանագիր է ստորագրվել: Սակայն այդ պայմանագրերն աննշան են ըստ ծավալների, իսկ խոշոր ներդրումների համար անհրաժեշտ է քաղաքական հիմք: «Մեր նպատակը քաղաքական համաձայնագրերին նպաստելն է», – նշել է թուրք գործարարը: