Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի թուրքական կողմի տվյալներով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարեկան առեւտրային շրջանառությունը կազմում է 7 մլն դոլար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի եվրոպական համակարգող Բուրջու Գյուլթեքինի խոսքերով, շրջանառության մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիայից Հայաստան սպառողական ապրանքների արտահանմանը: Իսկ Հայաստանից Թուրքիա է առաքվում, հիմնականում, հումք` մետաղների թափոններ, կաշի: Այդ գործառնություններն իրականացվում են թուրք-վրացական համատեղ ֆիրմաների միջնորդությամբ, նշել է նա: Համաշխարհային բանկի հաշվարկներով, քաղաքական խնդիրների բացակայության պարագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային շրջանառության ծավալը կարող էր կազմել 300 մլն դոլար, իսկ Հայաստանի ազգային եկամուտը կաճեր 60 տոկոսով, ընդգծել է Բուրջու Գյուլթեքինը: «Հայաստանը չափազանց նեղ շուկա ունենալով` Թուրքիայի համար առանձնապես գրավիչ չէ ոչ արտադրության, ոչ էլ միջազգային հեղինակության տեսանկյուններից: Մենք Հայաստանը դիտում ենք առավելապես որպես տարանցման երկիր», – նշել է նա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա, իսկ Հայաստանը Թուրքիայի համար` ելք դեպի Ադրբեջան, նշել է թուրք գործարարը: