Շփման գծում իրավիճակը լուսաբանող ադրբեջանցի լրագրողները նոր սահմանափակումների կհանդիպեն: Ինչպես գրում է Asbarez-ը Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IDPR) վրա հղումով, երկրի կառավարությունը հայտարարում է, որ լրագրողները սխալ են լուսաբանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, իսկ իշխանության ընդդիմախոսները սրանում տեսնում են ԶԼՄ-ների հանդեպ նոր ճնշումների հերթական օրինակ:
Նախագահ Ալիևը դեռ օգոստոսին էր հայտարարել, որ մտադիր է խստացնել ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգումը՝ հորդորելով պատժել բոլոր նրանց, ով պետական գաղտնիքներ է հրապարկում, այդ թվում դատական հետապնդման ենթարկել: Նախագահը կարգադրել է կառավարությանը նոր նորմեր մշակել շփման գծում լրագրողների հավատարմագրման համար:
Նման կարգադրություններ արվեցին հուլիսի վերջում օգոստոսի սկզբին շփման գծում կտրուկ սրացումից հետո: Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:
Պաշտպանության նախարարությունը հավանություն տվեց առաջարկին, իսկ մամուլի քարտուղարը մեղադրեց որոշ լրագրողների հակաիրավական ու ոչ պրոֆեսիոնալ գործողությունների մեջ, ասելով թե նրանք «հայկական շահերին են ծառայում»: Իրավիճակը լուսաբանող լրագրողներից մեկը`Աֆղան Միհթարլին, ասել է. «Չեմ կարծում, որ լրագրողները պետք է գաղտնի տեղեկատվությունը պահպանեն՝ դա մեր գործը չէ»: Նա ասել է նաև, որ կառավարության պլանները հակասահմանադրական են և չեն համապատասխանում միջազգային իրավունքնին:
Նոր օրենքները հերթական առիթը կարող են դառնալ լրագրողների հետապնդման համար՝ ԶԼՄ-ների ու ՈԿԿ-ների դեմ ուղղված գործողությունների մաս կազմելով:
2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:
Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:
Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:






