AM
28 Հոկտեմբեր 2014 - 06:53 AMT

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Բանակցությունները կշարունակվեն

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքին հղումով Yerkir.am-ը գրում է, որ Ֆրանսուա Օլանդը նախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա: Նա նաև ընդգծել է, որ ներկայիս ստատուս քվոն հուսալի չէ: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը: Հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորովել են նաև հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակել` Կարմիր խաչի հովանու ներքո:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ուշ երեկոյան նախագահների եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008-ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է ԱԳ նախարարը, գրում է Panorama.am-ը:

Նալբանդյանի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման վայրի ու ժամկետի մասին պայմանավորվածություն դեռ չկա:

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատվին ընթրիք է տրվել:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը: