Եվրամիությունը հաստատել է, որ լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ և երեք համանախագահ՝ ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ ջանքերին՝ հորդորելով նաև Հայաստանին ու Ադրբեջանին «խուսափել ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ
«Բացի այդ, մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը»,- ասվում է փաստաթղթում:
«Երկու կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, ձեռնպահ մնան ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից ու վերսկսեն ջանքերն, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- կարծում են Բրյուսելում: Ավելի վաղ կողմերին ուղղված նմանատիպ կոչով էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ և Պիեր Անդրիոն` Ֆրանսիան) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի և բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ և հայտնում մեր ցավակցությունը»:
Համանախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, և անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձևով աջակցելու կողմերին:
Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին և կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այս միջադեպն էր:
Ընթերցեք նաև. ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը






