Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:
Միաժամանակ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որշփման գծում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել:
«Հակառակորդը հետ է շպրտվել: Ունի նաև կորուստներ»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ նշելով, թե դեռևս հստակ չեն կարող ասել՝ քանի զոհ ունի հակառակորդը, գրում է Tert.am-ը:
Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվականները հաղորդում են զոհերով ու վիրավորներով մի քանի միջադեպի մասին: Haqqin.az-ի փոխանցմամբ, երկու զինվորական է տուժել շփման գծին ականի պայթյունից, որոնցից մեկը զոհվել է: Salamnews-ն էլ իր հերթին հաղորդում է ՃՏՊ-ի մասին, որի արդյունքում երեք զինվորական է վիրավորվել: Ադրբեջանական պաշտոնական կառույցները բազմիցս են մարտական կորուստները քողարկել դժբախտ պատահարների մասին լուրերով: Հավանաբար և ամենայն հավանականությամբ, հերթական անգամ ականատես ենք բախումների արդյունքում կորուստների մասին լռելու ադրբեջանական ղեկավարության սովորական պրակտիկային:
Ամռանը հակառակորդի գործողություններն աննախադեպ էին 90-ականներից ի վեր։ Հայկական ստորաբաժանումներն այդ ըթացում կանխել էին 20-ից ավելի դիվերսիա։ Հակառակորդի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 18.000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը 13.000 էր:
Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։
Վերջին շրջանում հակառակորդը նորից ակտիվացել է ու սկսել ավելի հաճախակի խախտել հրադադարը: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13.000 կրակոց:
Պատճառը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինվաի ուժերի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռն էր: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր էր կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չէին եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:






