AM
17 July 2003 - 15:25 AMT

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ֆառուկ Լողողլուն օրերս հանդես է եկել Ամերիկայի հայկական համայնքի ներկայցուցիչների հետ երկխոսություն հաստատելու Անկարայի կողմից ձեռնարկվող փորձերի վերաբերյալ: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), սխալ է «բանակցություններ» անվանել թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էջվեթ Թեզջանի վերջերս կայացած հանդիպումները Ամերիկայի հայկական կազմակերպությունների առաջնորդների հետ: «Թեզջանը նրանց հետ ոչ մի բանի մասին չի պայմանավորվել: Գաղափարը հետեւյալն էր` առաջին շփումը հաստատել հայկական սփյուռքի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության միջեւ»,-ասել է դեսպանը: Ընդ որում, նա ավելացրել է, որ հայերը եւ թուրքերը «հարյուրավոր տարիներ կողք կողքի են ապրել: Մենք անհամբերությամբ ենք սպասում հարաբերությունների նորմալացմանը ի բարորություն ողջ տարածաշրջանի»: Մինչդեռ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը ուշադրությունը հրավիրում է պաշտոնական Անկարայի «հակասական» դիրքորոշման վրա Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում: Թուրքական կառավարության վերջին հայտարարությունները կտրուկ տարբերվում են թուրք դիվանագետ Էջվեթ Թեզջանի հետ մեր զրույցների բովանդակությունից, ընդգծել է ԱՀՀ վարչության նախագահ Փիթեր Ոսբիկյանը: Որպես օրինակ նա նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էռդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան չի բացի սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս չի հրաժարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից: