AM
24 Դեկտեմբեր 2014 - 11:25 AMT

Լոս Անջելեսի ավտոբուսներին Ցեղասպանության 100-ամյակին նվիրված արվեստի գործեր կփակցվեն

ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը գալիք ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը հիշատակող արվեստի գործերի մրցույթ: Հայտարարությունը բոլոր արտիստներին, լուսանկարիչներին ու գեղանկարիչներին հրավիրում է մասնակցելու մրցույթին, որի հաղթող գործը շուրջ մեկ ամիս տեղադրված է լինելու քաղաքային ավտոբուսների վրա: Դիմողները կարող են ներկայացնել նկարներ, պատկերներ, թվային արվեստ և լուսանկարներ, իսկ քանդակներն ու լայնաֆորմատ աշխատանքներն անընդունելի են: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

Կրեկորյանը նշել է, որ մրցույթը կլինի յուրօրինակ միջոց հարգելու ցեղասպանության պատմությունը: Նա հույս է հայտնել, որ այդ նախագծին իրենց մասնակցությունը կցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների հարցերով, և այդպիսով կօգնեն ի ցույց դնելու հայ ժողովրդի դիմացկունությունը:

Առաջարկվում է նկարներում արտահայտել հետևյալ թեմաները՝ ներդաշնակություն, համերաշխություն, ապրումակցում և այլն:

Սեպտեմբերին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է Ադրին Նազարյանի առաջարկած AB 1915 օրինագիծը, որով նախատեսվում է նահանգի դպրոցների ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների մասին վկայությունների ներառում: Մասնավորապես, օրենքով նախատեսվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերում, Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների կիրառման ընդլայնում: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: