AM
6 Փետրվար 2015 - 08:03 AMT

Թուրքական ՀԿ-ներն աշխարհի առաջնորդներին կոչ են անում ապրիլի 24-ին գնալ Երևան, ոչ թե Գալիպոլի

Թուրքիայում գործող հինգ հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100րդտարելիցի օրը չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գալ Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու:

Դրանց թվում է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

«Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան մենք՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներս, բողոքում ենք մեր նախագահի հրավերի դեմ և աշխարհի նախագահներին կոչ անում այցելել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Մերալ Չիլդիրը:

«Թուրքիայի հանրապետությունը հիմնած մտածողությունը և 1915-ին հայերի և ասորիների դեմ ցեղասպանությունն իրականացրած մտածողությունը նույնն են: Մեզ համար 2015-ի ապրիլի 24-ը կարևոր օր է: Մենք ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ: Ուզում ենք, որ մեզ սխալ սովորեցնելու և մեր երեխաներին սխալ դաստիարակելու պատճառ դարձած հասկացությունը ճշտվի: Գիտենք, որ 1915-ի ցեղասպանությունը դեռևս որոշ երկրներում ազատորեն չի քննարկվում, բայց մենք ընդամենը մի փոքր խիղճ ենք խնդրում: Այս հրավերը ծաղրում է Հայոց ցեղասպանության զոհերին: Գնացե՛ք Երևան, որտեղ իրական ցավն է»,- ասել է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Կեսկինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:

ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: