Արաբական երկրների հայ համայնքները կարող են նշանակալի դերակատարություն ունենալ իսլամական աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այս մասին «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը, հայտնում է «Նովոստի Արմենիի» գործակալությունը։
Ըստ Պետրոսյանի, այսօր արաբական աշխարհի միակ պետությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Լիբանանն է։
«Թուրքիայի քաղաքականությանը դիմակայելու համատեքստում, Անկարայի հետ ունեցած հակասություններից ելնելով, վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցն օգտագործվում է արաբական աշխարհում, հիմնականում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես` Եգիպտոսում և Սիրիայում։ Սակայն մինչ օրս նրանց կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը շատ մշուշոտ է»,– ասել է Պետրոսյանը։
Որոշակի արդյունքների հասնելու համար, ըստ Պետրոսյանի, կարևորվում է այդ երկրների հայկական համայնքների դերն ու նշանակությունը, որոնք կարող են որոշակի միջոցառումներ անցկացնելու միջոցով այդ հարցը բարձրացնել մինչև խորհրդարանական քննարկումների մակարդակ։
«Սակայն վերջնական արդյունքը, այնուամենայնիվ, կախված կլինի բազմաթիվ նրբություններից, այդ թվում նաև նրանց հարևան երկրների դիրքորոշումներից, Թուրքայի հետ հարաբերություններից և այլ հարցերից, ինչը զգալիորեն նվազեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունները»,– ասել է փորձագետը:։
1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային Ժողովն ընդունեց որոշում, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշումը կոչ է անում Լիբանանի ժողովրդին այդ օրը լինել հայ ժողովրդի կողքին: 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը:






