AM
12 Մարտ 2015 - 07:16 AMT

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը նորից ստում է՝ հայկական կողմը դիվերսիոն փորձ չի ձեռնարկել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի լույս 12-ի գիշերը հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե մարտի11-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ, գրում է ադբրեջանական APA-ն: Ըստ աղբյուրի, «հարձակման» ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Աթաև Անար Մամեդ օղլուն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, թե մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա և անհետևանք չի մնա:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։