Իրադրությունը ղարաբաղա-ադրեջնաբական շփման գծում շարունակում է մնալ լարված: Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը՝ ստանալով ուժեղ հակահարված, ճնշվել են:
ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Վերջինը մարտի 19-ին էր, երբ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդը մարտադաշտում էր թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք:Ադրբեջանական կողմին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը:






