AM
2 Ապրիլ 2015 - 11:53 AMT

Գերմանիայի խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճեր են

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են, գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։

Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում, գրում է Tert.am-ը:

Քրիստոնեա-դեմոկրատական միությունն անցյալ շաբաթ բանաձև էր ներկայացրել, որի վերնագրում ցեղասպանություն բառը կար, սակայն Արտգործնախարարության միջամտության արդյունքում վերնագրից այն հանվել է։

Թերթը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ մտավախություն կա, որ դա որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի: Բացի այդ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Թուրքիան, որպես գործընկեր, անհրաժեշտ է Գերմանիային։

Թերթը նաև գրել է, որ կոալիցիոն պատգամավորները նախատեսում են ապրիլի 21-ին քվեարկել և վերջնական որոշում կայացնել, սակայն «ցեղասպանություն» բառը դարձյալ վերնագրում ներառելը հավանական չի համարվում։

Ապրիլի 24-ին Դաշնային խորհրդարանում իրականացվելիք քննարկմանն ընդդիմադիր կուսակցությունները երեք տարբեր նախագծեր են ներկայացնելու, սակայն չի բացառվում, որ մինչ այդ մեկ նախագծի շուրջ համաձայնության կգան։

Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները` ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի և Հայաստանի հարցն է: «Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- նշված էր գրավոր հայտարարության տեքստում:

Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»:

Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում: Պաշտոնական Անկարան մշտապես խոսում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: