Անկարան «վրդովված է» Կոպենհագենի կենտրոնում 10 օրով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու մտադրությունից: Թուրքիայի ԱԳՆ-ն բողոք է հղել Դանիայի արտգործնախարարությանը:
Թուրքիայի ԱԳՆ-ում համարում են, որ արձանի տեղադրումը «վիրավորական կլինի Դանիայում բնակվող բոլոր թուրքերի համար, սակայն Դանիայի քաղաքական գործիչները խորհուրդ են տվել թուրք գործընկերներին չմիջամտել թագավորության ներքին գործերին», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ, ինչպես հայտնեց դանիական The Copenhagen Post-ը, Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարել էր, որ իր երկիրը պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում 1915-ի ողբերգությունը, երբ Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մոտ 1,5 մլն հայ: Նա նշել է, որ Դանիայի կառավարությունը «չի փորձում թաքցնել 1915-ի ողբերգական իրադարձությունների ծավալաները, սակայն պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում»:
«Մեր տեսակետն այն է, որ այդ հարցը պետք է պատմաբաններին թողնել: Միայն նրանք կարող են պատասխանել այն հարցին, թե իրականում ինչ է կատարվել և կարելի է արդյոք 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն համարել»,-ասել է Լիդեգաարդը: Ըստ նրա, «պատմության քաղաքականացումը չի նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը»:
Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:
Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:






