Սպիտակ տունն ակնարկել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառն Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը նկարագրելու համար՝ շարունակելով խախտել իր խոստումը, գրում է The Wall Street Journal թերթը՝ հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սպիտակ տունն այս տարի եզրույթն օգտագործելու կապակցությամբ ճնշումների է ենթարկվում, բայց Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա, գրում է Tert.am-ը:
«Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 միլիոն հայ է սպանվել կամ մահվան երթի ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը և հավելել, – «Մենք ընդգծել ենք նաև, որ սգում ենք այս մահերի համար և որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերից»:
Այդուհանդերձ, Ջոշ Էրնեստը նշել է, որ եզրույթից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի երկար տարիների դիրքորոշումը հավանաբար նույնը կմնա նաև այս անգամ։
Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին՝ «Ճշմարտության և արդարության մասին»խորագհրով. այն ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամի աջակցությունը:
Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա: Ինչպես ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:
Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:
Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,- ասել է նա:






