ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 26-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ասվում է Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված Քերիի շնորհավորական ուղերձում: Ուղերձում ասվում է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանին դեպի Եվրոպա էներգակիրների առաքման գործում գազի Հարավային միջանցքի օգնությամբ դիվերսիֆիկացիային նպաստելու հարցում:
Անդրադառնալով Վաշինգտոնի և Բաքվի համագործակցությանն ահաբեկչության դեմ պայքարում` Քերին ընդգծել է երկու երկրների գործակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում և տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, հակազդեցությանը անդրազգային սպառնալիքներին ու օրենքի գերակայության հաստատմանը»:
Մայիսի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»:
Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ:
«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:






