AM
13 Հուլիս 2015 - 10:38 AMT

Իրանում ՀՀ դեսպան. Թեհրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական բիզնես ֆորում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական համատեղ բիզնես ֆորում, իրանական «Դոնյայե Էղթեսադ» պարբերականին հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Հայաստանի դեսպանը, անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է.

«Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով համեմատելի չեն քաղաքական հարաբերությունների հետ: Վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 400 միլիոն դոլար: Հայաստանի մաքսային սահմանը բաց է իրանական ապրանքների համար: Հայաստանը՝ որպես Ատևտրի համաշխարհային կազմակերպության անդամ սահմանում է մաքսային ցածր տոկոսադրույք (0-ից մինչև 10 տոկոս), իսկ ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ ապա այդ դեպքում ևս տոկոսադրույքները բարձր չեն լինի: Հակառակ վերոնշյալին՝ հայկական ապրանքները հեշտությամբ չեն կարողանում մուտք գործել իրանական շուկա: Բարձր մաքսային սակագներն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ գրեթե անհնար է արտերկրից ապրանք ներմուծել Իրան, այդ իսկ պատճառով, փաստացի Իրանի սահմանը փակ է հայկական ապրանքների համար», մեջբերում է Panorama.am-ը:

«Ես՝ որպես դեսպան, իրանցի պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ջանքեր եմ գործադրելու, որպեսզի Հայաստանի հետ կնքնվեն տնտեսական արտոնյալ պայմանագրեր, որպեսզի Հայաստանն էլ կարողանա Թուրքիայի պես ապրանքներ արտահանել Իրան»,- նշել է ՀՀ դեսպանը:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսվող ծրագրերին, Թումանյանը նշել է, որ Իրանում ՀՀ դեսպանությունն իրանական կողմի հետ համատեղ նախատեսում է 2015-ի հոկտեմբերին Թեհրանում կազմակերպել բիզնես ֆորում, որտեղ հայաստանցի պաշտոնյաներն ու մասնագետները իրանցիներին կներկայացնեն Հայաստանի օրենսդրությունն ու տնտեսական գործունեություն ծավալելու պայմանները:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում առկա գործակցությանը՝ Արտաշես Թումանյանը նշել է, որ զարգացումը միակողմանի է:

«Այսինքն՝ հակառակ իրանցի զբոսաշրջիկների՝ հայ զբոսաշրջիկները չեն կարող իրենց անձնական մեքենաներով մուտք գործել Իրանի տարածք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն իրանցի զբոսաշրջիկների համար բավականին գրավիչ երկիր է, նրանց համար հարմարավետ պայմաններ են ստեղծվել, ինչի համար ես շատ ուրախ եմ»:

Նրա խոսքով, եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքներն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵՏՄ-ի անդամ երկրների մոտ 400 միլիոնանոց շուկա:

Պատասխանելով հարցին՝ թե Եվրասիական տնտեսական միության անդամ (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, դեսպան Թումանյանը նշել է. «ԵՏՄ-ի անդամ 5 պետության միջև միասնական մաքսային օրենսգիրք է մշակվել: Եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքներն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵՏՄ-ի անդամ երկրների շուրջ 400 միլիոնանոց շուկա: Օրինակ. Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկիրը մի շարք ապրանքատեսակների մասով պահանջարկ ունի: Իրանցի ներդրողները կարող են այդ ապրանքներն արտադրել Հայաստանում և առանց մաքսավճարի արտահանել ՌԴ»:

Դեսպան Թումանյանը, անդրադառնալով Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, ասել է, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ է: Ըստ նրա, չնայած մոտ 10 տարի առաջ Իրանի և Հայաստանի միջև փոխադարձ ներդրումների աջակցության մասին պայմանագիր է ստորագրվել, Իրանում գործող սննդի, մեքենաշինական, պետրոքիմիական և այլ ոլորտում գործող խոշոր գործարանների նույնիսկ մի փոքր արտադրամաս ներկայացված չէ ՀՀ-ում, նույնը կարելի է ասել մեր երկրի մասին:

«Հայկական որևէ խոշոր ընկերություն իր գործունեությունը չի ծավալում Իրանում: Հայաստանում առկա են պրոֆեսիոնալ մասնագետներ, ակտիվ ձեռնարկատերեր, որոնք կարող են օգտակար լինել իրանցի ներդրողներին»,- ասել է նա:

Շարունակելով՝ դեսպանը հավելել է, որ ԵՏՄ-ի անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ GPS+ համակարգի անդամ է, որը հնարավորություն է տալիս որոշ ապրանքատեսակներ ցածր մաքսային վճարներով արտահանել Եվրոպական միություն:

«Հայաստանում գործում են ազատ առևտրի երկու գոտի, որոնց գործունեությունն ընդգրկում է տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտները»,- եզրափակել է Թումանյանը:

Դեսպան Թումանյանը, կարևորելով կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը, նշել է, որ Հայաստանի նպատակն է՝ որպես միջանցք, Պարսից ծոցը Վրաստանին և սևծովյան տարածաշրջանին կապելն է: «Մենք ցանկանում ենք Իրանում առկա երկաթուղային ենթակառուցվածքից օգտվել և Պարսից ծոցի տարածաշրջանը կապել Հայաստանին: Այդ նպատակով արդեն իսկ կառուցման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որն Իրան-Հայաստան սահմանը կապում է Հայաստան-Վրաստան սահմանին. Այդ կերպ մենք հետագայում հնարավորություն կունենանք դուրս գալ նաև սևծովյան տարածաշրջան. Սակայն այդ նախագիծը լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանի տարածքում կառուցվի շուրջ 60 կմ. երկարությամբ երկաթգիծ, որը կհասնի մինչև Հայաստանի սահման»:

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ուֆայում, մասնակցելով ԲՐԻԿՍ, ԵՏՄ և Շանհայ գործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, հայտարարեց, որ արդյունավետ գործակցության գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:

Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: «Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն», – ասել է նախագահը:

2013-ին Իրանն իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

Երկաթուղու շինարարության իրականացման ժամկետը, սակայն, որ նախատեսվում է սկսել 2016-ին, ավարտել 6 տարում, կախված կլինի ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև իր տարածքում երկաթգիծը շարունակելու Իրանի պատրաստակամությունից։