Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը3 տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող «Մարիտիմու» ակումբի հետ, ինչի մասին ասվում է վերջինիս ֆեյսբուքյան էջում:
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
«Շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մարիտիմու»-ի հետ: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալու այս թիմում և վստահ, որ շատ լավ մրցաշրջան կանցկացնենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ֆուտբոլիստը:
Վերջերս Ղազարյանը փորձաշրջան է անցնում Խարկովի «Մետալիստի» կազմում: Հուլիսի 18-ին ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովը հայտարարել էր, թե ափսոսում է, որ չի հաջողվել պայմանագիր ստորագրել 27-ամյա ֆուտբոլիստի հետ:
2013-ին Ղազարյանը խաղացել է ղազախական «Շախտյոր-Կարագանդա» ակումբում, 2014-ից՝ հունական «Օլիմպիակոս»-ում: 2014-15-ի մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել Հունաստանի առաջնությունում` նախ «Օլիմպիակոս»-ում, ապա վարձավճարով «Կերկիրայում»:
Պորտուգալիայի 2014-15-ի առաջնությունում «Մարիտիմու»-ն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:






