Օգոստոսի 2-ին Երևանում կայացել է Համահայկականամառային 6-րդխաղերի բացման արարողությունը՝ ազդարարելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության տոնը: Պարային ու երաժշտական համարներն ուղեկցվել են բեմադրությամբ, որը ներկայացվել է հայ ժողովրդի դարավոր պատմությունը:
Մարզադաշտով անցել են Խաղերի մասնակից պատվիրակությունները: Ամենամեծ պատվիրակությունը ժամանել է Արևմտյան Հայաստանից` 881 մարդ:
Ընդհանուր առմամբ 2015-ի Խաղերին կմասնակցի ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի համեմատ՝այս Խաղերն աննախադեպ են մարզիկների և մարզաձևերի քանակով:
Համահայկական խաղերի կրակը վառել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական եռակիչեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ինչից հետո ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ և կարևոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի և ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարևոր սկզբունքը մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը», – ասել է նախագահը՝ նշելով, որ Համահայկական խաղերը կազմակերպելիս առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը և առողջ ապրելակերպն առավելագույնս տարածվեն, ինչպես նաև սպորտը մարդկանց համախմբի և աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա:

Սարգսյանը ներկայացրել է 16 տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը. 1999-ին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատ 1/3-ով աճել է մասնակից երկրների թիվը՝ 23-ից հասնելով 36-ի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ 63-ից հասնելով 175-ի, իսկ Խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ հազար 1.141-ից հասնելով 6.352-ի:
«Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, այդ ընկերության կրակը կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում », – եզրափակել է նախագահը՝ Խաղերը հայտարարելով բացված:
Համահայկական 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Մրցումներ անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ Խաղերին կմասնակցեն Դիարբեքիրն ու Դերսիմը: Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգում է հայկական կողմը: ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում որոշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2015-ի 9 ամսում այդ նպատակով հատկացնել 39.800.000 դրամ:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
«Նմանատիպ մասշտաբային մարզական տոնի կազմակերպումը զգալի ներդրում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժողովրդականացման գործում։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերի անցկացումը հետագայում ևս կշարունակի նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ու հայ ժողովրդի միավորմանը՝ ամբողջ աշխարհում։ 6-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և մարզական մեծ նվաճումներ», – ասել է նախարարը:
Հուլիսի 27-ին, Մայր աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունեցել Գարեգին Բ պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի օրհման հանդիսավոր արարողությունը:
Մայր Աթոռի մատենադարանի, Մայր Տաճարի և ճեմարանի կողմից հարթակ են բերվել Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի աթոռանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ և Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը: Արցախը խորհրդանշող ջահը բերել է Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, սփյուռքը խորհրդանշող ջահը` Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, Հայաստանը խորհրդանշող ջահը` 2015-ի Համաշխարհային 28-րդ ունիվերսիադայի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահից վառվել է 6-րդ խաղերի ջահը, որն իր գլխավերևում է պահել 1988-ի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը:
Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։






