AM
25 Օգոստոս 2015 - 14:37 AMT

Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։

«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ.

«Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», – ասել է նա, մեջբերում է Armsport.am-ը:

Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ – Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: