AM
5 Սեպտեմբեր 2015 - 10:53 AMT

Ֆրանսիացի խորհրդարանականները՝ Արցախի մարտական հենակետերում

Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առաջնագծում մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին օրերին իրավիճակը թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին լարված է:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 ևՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդացեք նաև՝ Նախագահը՝ Կասպրշիկին. Միջադեպերի քննության մեխանիզը հնարավորություն կտա խուսափել սրացումներից