ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառում է արել՝ վերջին շրջանում շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ:
«Ըստ վստահելի զեկույցների, երկու կողմերն էլ ականանետներ են օգտագործել, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Իրավիճակի սրումը պատասխան չէ», – գրել է Ուրլիքը:
Սեպտեմբերի 5-ին համանախագահը Twitter-ում գրել է, որ ԵԱՀԿ-ն դատապարտում է խաղաղ բնակիչների միտումնավոր թիրախավորումը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի կողմնակից է:
Սեպտեմբերի 4-ին Ուորլիքը Twitter-ում տարածել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։
«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է ու վտանգավոր», – գրել է համանախագահը:
Ընդ որում՝ նա նշել է, որ երկու կողմն էլ հայտարարում են իրենց դեմ ականանետերի ու ծանր զենքի կիրառման մասին:
Այդ և այլ լուսանկարներ ավելի վաղ տարածել էր ԼՂՀ ՊՆ-ն՝ որպես հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների օգտագործման ապացույցներ:
Ուորլիքը սեպտեմբերի 3-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել։Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել:
Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:
Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի՝ սահմանին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանը թերագնահատում է ԵԱՀԿ միջնորդների աշխատանքը և փորձում շանտաժի ենթարկել Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Նրա խոսքով, ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել, հակառակորդը փորձում է սահամանին դրությունը լարելով իր նախապայմաններն առաջ տանել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:
Ըստ դրա, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են:
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:






