Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանի մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։
Ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն է, գրում է Asbarez.com-ը:
«Լոս Անջելեսը կողմ է արդարության և ճանաչման: Այս նախագիծը կծառայի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կենդանի հուշարձան և խորհրդանիշ», – ասել է Կրեկորյանը:
Armenian Genocide Memorial Tree Project նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միակ միջոցառումը չէ, որ իրականացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ. ապրիլին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քաղաքի հանրային գրադարանի համար գրքերի հավաքագրման արշավ սկսելու մասին: Արշավը շարունակվել է մինչ 2015-ի մայիսի վերջը: Արշավի նպատակն էր՝ նոր կամ քիչ օգտագործված գրքեր հավաքել Հայոց ցեղասպանության, հայոց պատմության և մշակույթի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների մասին:
ՄարտինԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները ներկայացրել են օրինագիծ, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված փաստաթուղթը Օբամային ուղղորդում է ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ անել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները։
Մարտին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն սատարել է Փոքր Հայաստան թաղամասի հրապարակներից մեկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» կոչելու առաջարկը:






