AM
16 Սեպտեմբեր 2015 - 07:30 AMT

Սասունյան. Թուրքիան ՄԱԿ-ի ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակներից էր՝ չնայած իր պատմությանը

Սեպտեմբերի 11-ին, երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո, Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ հրապարակելով իր հոդվածը TheCaliforniaCourier.com-ում:

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձևով դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակել: Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն է ընտրվել, քանի որ դեկտեմբերի 9-ը` 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:

«Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայկական ջանքերը», – գրել է Սասունյանը:

Նրա խոսքով՝ զավեշտալի է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն էր, հավանաբար վախենալով, որ ընդդիմանալը կբացահայտեր նրա արմատացած մտատանջությունը ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Հետևաբար, թուրք պաշտոնյաները իրենց այնպես պահեցին, կարծես թե այս բանաձևը կապ չունի հայերի, ասորիների, հույների և քրդերի դեմ իրենց երկրի անցյալի և ներկայի ցեղասպանական ոճիրների հետ:

Այս բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը:

Խմբագիրը նկատել է, որ Ադրբեջանը և Ռուանդան հեղինակակից չեղան դրան: Ադրբեջանը չի ցանկացել աջակցել Հայաստանի կողմից առաջարկված որևէ բանաձևի: Մյուս կողմից, Ռուանդան բանաձևն ավելորդ է համարել, քանի որ ՄԱԿ-ը ապրիլի 7-ը հայտարարել էր որպես Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր: Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելը այս բանաձևի համահեղինակ է, չնայած ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:

«Պատասխանատվություն պաշտպանության համար համաշխարհային կենտրոնը» (The Global Centre for the Responsibility to Protect) սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը և թվարկելով «նախորդ դարի ամենասոսկալի ոճիրների կարևոր տարելիցները», ներառյալ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում «Կարմիր խմերների» սպանդի 40-ամյակը, և Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների 20-ամյակը:

Սասունյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, առաջարկվող բանաձևը սեպտեմբերի 11-ին Գլխավոր ասամբլեայում ներկայացնելիս, խոսել է իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել էր ցեղասպանություն եզրը, դեսպանն ասել է. «Միջազգային օրը կվերականգնի անցյալում անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք փորձից ելնելով»:

Խմբագրի խոսքով՝ Ցեղասպանության մեկ այլ շրջադարձային տարեթիվ կա, որ մոռացության է մատնվել միջազգային հանրության և հայ ժողովրդի կողմից՝ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված զեկույցի 30-ամյակն է:

«Վերանայված և նորացված զեկույց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման հարցի վերաբերյալ» խորագիրը կրող պատմական փաստաթուղթը մշակվել էր բրիտանացի զեկուցող Բենջամին Ուիտակերի կողմից: Հատկանշական է, որ դեսպան Մնացականյանը, ցեղասպանության բանաձևը ՄԱԿ-ին ներկայացնելիս, իր ելույթում երկու անգամ անդրադարձ կատարեց այս զեկույցին», – գրել է Սասունյանը:

Ուիտակերն իր զեկույցի 24-րդ պարբերությունում մեջբերել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մի քանի դեպքեր, հատուկ տեղ հատկացնելով Հայոց ցեղասպանությանը:

«Անկախ հեղինակությունների և ականատեսների ստույգ գնահատմամբ, առնվազն 1 միլիոն մարդ, և հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին համարվում է սպանված կամ մահվան երթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում: Գերմանիայի դեսպան Վանգենհեյմը, օրինակ, 1915 հուլիսի 7-ին գրել է. «[թուրքական] կառավարությունը, իրոք նպատակ է հետապնդում բնաջնջել հայ ցեղը Օսմանյան կայսրությունում» (Վանգենհեյմի արխիվ)», – ասել է Ուիտակերը:

Սասունյանը գրել է, որ ցավում է, թե Ուիտակերն 2014-ին մահացել է: Սակայն, ողջ են ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի մյուս երեք նախկին անդամները՝ Էրիկա Դայեսը (հույն), Լեանդրո Դեսփույը (արգենտինացի) և Լուի Ժուանեն (ֆրանսիացի), որոնք Ուիտակերի զեկույցում Հայոց ցեղասպանության հիշատակման անխոնջ ջատագովներ էին, որն ընդունվեց 1985-ի օգոստոսի 29-ին, ձայների 14 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Խմբագիրը նշել է, որ դեկտեմբերի 9-ին, մարդու իրավունքների երեք պաշտպաններին պետք է հրավիրել ՄԱԿ՝ նշելու Ուիտակերի զեկույցի 30-ամյակը և ճանաչելու նրա եզակի ավանդը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման գործում:

Ըստ Սասունյանի՝ դեսպան Մնացականյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի կառավարությունը արժանի են հատուկ գնահատանքի՝ ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իրենց արդյունավետ դերակատարության համար:

Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: