AM
20 Հոկտեմբեր 2015 - 14:30 AMT

Մաս-ռեսլինգի Եվրոպայի առաջին առաջնությունը՝ Հայաստանում

Հոկտեմբերի 23-25-ը Երևանում կանցկացվի մաս-ռեստլինգի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը, որը միաժամանակ կլինի Եվրոպայի բաց առաջնություն: Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՀ մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը:

Մրցաշարին սպասում են 20 երկրի 200 մարզիկ-մարզուհիների, ընդ որում 15 պետության ներկայացուցիչներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

Մաս-ռեստլինգը յակուտական ծագում ունեցող մարզաձև է: Միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011-ին:

Նալբանդյանի խոսքով՝ մինչ այժմ կայացած միջազգային մրցաշարերում հաղթել են հենց յակուտ մարզիկ-մարզուհիները, բացառությամբ 2014-ի աշխարհի գավաթի խաղարկությունից, որի քաշային կարգերից մեկում հաղթել է ամերիկացի մարզիկ: Այդ իսկ պատճառով ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար հարկավոր է մարզիչներ հրավիրել Յակուտիայից, քանի որ միայն նրանք կկարողանան մեր մարզիկներին ծանոթացնել մաս-ռեստլինգի տեխնիկական գաղտնիքների հետ, գրում է A1plus.am-ը:

Նալբանդյանը նկատել է, որ երևանյան մրցաշարի մեդալների վրա պատկերված է լինելու Արարատը:

Մրցումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում, առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Եզրափակիչ հանդիպումները կկայանան 15:00-ին: