Տարածաշրջան այցելության շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն նաև ԼՂՀ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, միջնորնդերը պաշտոնական հանդիպումներ կունենան Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Նա չի բացառել, որ ոչ պաշտոնական ձևաչափով կլինեն հանդիպումներ նաև այլ պաշտոնյաների հետ, հայտնում է Аrtsakhpress-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին, այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցելությունը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 28-ին:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:
Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:






