AM
5 Նոյեմբեր 2015 - 06:41 AMT

ԼՂՀ պաշտպանության նախարարը Կասպրշիկի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

Նոյեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տիրող վիճակին և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մտքեր են փոխանակվել շփման գծում նոյեմբերի 5-ին իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ:

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:

Նոյեմբերի 4-ին հանդիպել են Հայաստանի ու ԼՂՀ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը: Հանդիպմանը անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ տարածաշրջան կատարած այցին:

Նախարարները նշել են, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», – գրել է նաTwitter-ի իր միկրոբլոգում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատումից հետո անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել:

«Այս միջադեպով անթաքույց ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև հաստատում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար», – ասվում է հաղորդագրությունում: