AM
7 Նոյեմբեր 2015 - 07:36 AMT

Հալեպի հայկական շրջաններում համեմատաբար խաղաղ է

Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասերի ճանապարի բացման հետևանքով քաղաքում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է: Հայկական շրջանները վերջին օրերին չեն հրթիռակոծվել, իրավիճակը համեմատաբար խաղաղ է և ապահով, գրում է «Արևելքը»:

Ծայրամասերում սակայն թեժ բախումները շարունակվում են: Նշվում է նաև, որ քաղաքում սննդամթերքի գները նվազել են: Չնայած դրան, Հալեպի հայկական շրջաններում էլեկտրականության և ջրի խնդիրը դեռ մնում է:

Նոյեմբերի 4-ինսիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:

Նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել: